Wednesday, May 11, 2011

Google-ը ներկայացրել է Google Music ծառայությունը


Այժմ ընթացող Google I/O կոնֆերանսին ընկերությունը ներկայացնում է Google Music ծառայությունը, որն, ի տարբերություն Movies («Ֆիլմեր») ծառայությանը, Android-ից անկախ է ու հասանելի բոլոր սարքերից:
Google Music-ը դեռևս բետա-թեստավորման փուլում է ու նմանատիպ այլ ծառայություններից (Amazon Cloud Player, Sony Qriocity) տարբերվում է նրանով, որ կապված չէ որևէ ինտերնետ-խանութի: Օգտագործողը կարող է օնլայն պահպանել իր երգերն ու նվագարկել դրանք հեռախոսով կամ համակարգչով: Երգերը հնարավոր կլինի պահպանել նաև համակարգչում (հեռախոսում) ու լսել դրանք նույնիսկ ինտերնետային կապի բացակայության պարագայում:
Google Music-ը համալրված է Instant Mix ֆունկցիայով, որի օգնությամբ օգտագործողը կկարողանա մեկ երգի հիման վրա ավտոմատ կերպով ստեղծել իր երգացանկը: Համակարգը կորոնի ու կգտնի նմանատիպ այլ երգեր ու երգիչներ և կառաջարկի ավելացնել դրանք երգացանկում:
Ինչպես հայտնում է pcnews.am–ը, Google Movies ու Music ծառայությունները սկզբնական շրջանում հասանելի կլինեն միայն ԱՄՆ-ում: Ընդ որում՝ Google Music-ում գրանցվելն անվճար կլինի բետա-թեստավորման փուլում: Ընկերության ներկայացուցիչները, սակայն, չեն հաղորդել՝ արդյոք ծառայությունն անվճար կլինի հետագայում, թե ոչ:
I/O-ն Google-ի տեխնոլոգիաներով հետաքրքրված մշակողների կոնֆերանս է, որն անցկացվում է ամեն տարի Սան-Ֆրանցիսկոյում:

No comments:

Post a Comment