Wednesday, March 16, 2011

Մեծամորի ատոմակայանը կարող է դիմանալ առնվազն 9 բալ ուժգնությամբ երկրաշարժերի


Մեծամորի ատոմակայանը կարող է դիմանալ առնվազն 9 բալ ուժգնությամբ երկրաշարժերի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս  մասին հայտարարեց ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը՝ զուգահեռներ անցկացնելով ուրբաթ օրը Ճապոնիայում 8.9 մագնիտուդ հզոությամբ երկրաշարժի արդյունքում վթարված «Ֆուկուսիմայի» եւ Մեծամորի ատոմակայանների միջեւ։
Նրա խոսքով, աշխարհում գոյություն ունեցող բոլոր ատոմակայանները նախագծվում, կառուցվում եւ շահագործվում են ՄԱԳԱՏԷ-ի խիստ վերահսկողության ներքո։ «Այն հարթակը, որի վրա պետք է կառուցվի տվյալ ատոմակայանը, անպայմանորեն սեյսմիկ վտանգի գնահատում է անցնում։ Այս աշխատանքները եւս կատարվում են ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների հսկողությամբ։ Բացառություն չէ նաեւ Մեծամորը, որը տեղանքի եւ մնացած բոլոր չափորոշիչներով համապատասխանում է վերոնշյալ կառույցի բոլոր պահանջներին»,- նկատեց Պետրոսյանը։
Անդրադառնալով ճապոնական երկրաշարժի հետեւանքով այդ երկրի՝ 2,4 մ տեղաշարժվելու փաստին՝ նա նման երեւույթը գրեթե անհավանական համարեց։ «Ճիշտ է, այդ մասին շատ են խոսում, սակայն ինչպե՞ս եք նման բան  պատկերացնում։ Ճապոնական կղզիների տեղաշարժի  մասին լուրը չպետք է «հալած յուղի» տեղ ընդունել։ Եվ վերջապես, ո՞վ , ե՞րբ եւ ինչպե՞ս է այդ տեղաշարժը չափել»,-ամփոփեց «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետը։
Նշենք, որ ուրբաթ օրը Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում պայթյուններ են որոտացել Ճապոնիայի  «Ֆուկուսիմա» ատոմակայանի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ռեակտորներում։ Թիվ 4  ռեակտորում հրդեհ է բռնկվել, սակայն հրշեջներն այն կարողացել են մարել։

No comments:

Post a Comment